National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
04.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 4-ին հանդիպեց հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

Խորհրդարանի ղեկավարի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող հիմնախնդիրները։

Հովիկ Աբրահամյանը ուշադրությամբ լսեց մասնակիցների կարծիքները մշակման փուլում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց բարձրացրած հարցերը։ ԱԺ նախագահը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող բոլոր հարցերն ու խնդիրները պետության ուշադրության կենտրոնում եմ եւ դրանց լուծումները օրենսդրական ճանապարհով պետք է կարգավորվեն: Նրա խոսքով` խորհրդարանը պետք է դառնա հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների եւ հարցերի քննարկման հարթակ։

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է, հստակեցվում են որոշ դրույթներ, շուտով կառավարությունը նոր օրենքի նախագիծը կներկայացնի խորհրդարան: Նրա խոսքով՝ ներկաների հիմնական մասը մասնակցել է նախագծի նախնական քննարկումներին: 

Ներկաները բարձրացրեցին թեքահարթակների կառուցման, տրանսպորտից օգտվելու, ձայնային լուսաֆորների տեղադրմանն առնչվող հարցեր։ Առաջարկ եղավ նախագծում հստակեցնել ունիվերսալ դիզայնի մասին դրույթը։ Նշվեց, որ ունիվերսալ դիզայնի սկզբունքի կիրառումը շինությունները, տրանսպորտային միջոցները, պատմամշակութային վայրերի տարածքները հասանելի կդարձնի հաշմանդամություն ունեցող անձանց։

Հովիկ Աբրահամյանի առաջարկով ստեղծվեց հինգ հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը կմասնակցի ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենքի նախագծի բոլոր քննարկումներին։

«Ես պատրաստ եմ աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում»,-ասաց ԱԺ նախագահը եւ ավելացրեց, որ համագործակցությունը հնարավորություն կտա հաղթահարել խնդիրները։

Ներկաները հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին նախաձեռնության եւ հաշմանդամություն ունեցող անձանց օժանդակելու, խնդիրներին ունկնդիր լինելու համար։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am